Ռոբոտ Փոշեկուլ

Ներկայումս տարածում են ստացել ինքնակառավարվող ռոբոտ փոշեկուլները, որոնք առանց մարդկային անմիջական միջամտության ի վիճակի են մաքրել տարածքը՝ խուսափելով խոչընդոտներից։ Սույն նախագծի նպատակն է STEM լաբորատոր պայմաններում պատրաստել և ծրագրավորել նմանատիպ ռոբոտ փոշեկուլ։ Նախագիծը ուսոցողական է․ այն իրականացնելու արդյունքում աշակերտները մոդելավորում են փոշեկուլի բաղադրիչները, մշակում են էլեկտրոնային միացումների սխեմաները և ստեղծում են ռոբոտի ծրագրային ապահովումը։

Փոշեկուլի շարժիչների, տվիչների, մարտկոցի և այլ էլեկտրոնային կոմպոնենտների տեղադրումը և ամրացումը իրականացնելու համար անհրաժեշտ է մոդելավորել կաղապար, որը պետք է հնարավոր լինի տպագրել եռաչափ տպիչով։ Սակայն նախքան մոդելավորումը, աշակերտների կողմից կատարվում է հետազոտական աշխատանք՝ տարբեր ընկերությունների կողմից արտադրովող ռոբոտ փոշեկուլների մասին պատկերացում կազմելու և բաղադրիչների ընտրության հարցում կողմնորոշվելու նպատակով։

Նախքան բուն էլեկտրոնային միացումներն իրականացնելը աշակերտների համար կարևոր է ունենալ տեսական գիտելիքներ շարժիչների (քայլային շարժիչ, DC շարժիչ), տվիչների (հեռաչափ, ինֆրակարմիր զգայունակ) և ղեկավարման սալիկների (ARDUINO, Raspberry Pi) վերաբերյալ։ Սկզբից կատարվում են առավել պարզ ենթանախագծեր, ինչպիսիք են օրինակ շարժիչների արագությունները պոտենցիոմետրով կառավարելը և հեռաչափի արժեքից կախված շարժիչներին տարբեր արագություններ տալը։ Որոշ ժամանակ անց, արդեն իրականցվում է ռոբոտ-փոշեկուլի ամբողջական էլեկտրոնիկային սխեմայի մշակումը՝ հիմք ընդունելով նախապես թիրախավորված տեխնիկական առաջադրանքը։

Ռոբոտը ֆիզիկապես պատրաստելուց հետո՝ երեխաները մշակում են ծրագրային ապահովումը Python կամ ARDUINO ծրագրավորման լեզուներով։ Առաջին փուլում գրվում է ծրագրային կոդ՝ համակարգչով ռոբոտ-փոշեկուլը կառավարելու համար։ Երկրոդ փուլում մշակվում է ինքնակառավարվող փոշեկուլի ծրագիրը։ Ռոբոտը հեռաչափից և այլ տվիչներից  ստացող արժեքների շնորհիվ պետք է կարողանա կողմնորոշվել և խոչընդոտներից խուսափելով մաքրել տարածքը։

Ռոբոտ-փոշեկուլ միջառարկայական STEM նախագիծն օժտված է հսկայական ուսուցողական նշանակությամբ։ Աշակերտները՝ իրենց սեփական գիտելիքները գործնականում կիրառելով ստեղծում են ինքնակառավարվող համակարգ, որն ունակ է լուծել որոշակի հստակ խնդիր՝ այն է մարդու փոխարեն մաքրել սենյակային տարածքը։

Այլ նախագծեր