STEM կրթության ազդեցությունը հասարակության վրա

Ներկայումս STEM կրթության կարևորությունը անչափ մեծ է։ Հաստատուն STEM կրթակարգի ձևավորումը և ամրապնդումը օգնում է երեխաների շրջանում զարգացնել այնպիսի որակներ և հատկանիշներ, ինչպիսիք են նախաձեռնողականությունը, ստեղծարարությունը և քննադատողականությունը։

STEM դասընթացներ իրականացնելու ընթացքում հաճախակի դիտարկվում են շրջակա միջավայրում առկա խնդիրները, և քննարկումներ են ծավալվում վերջիններիս համար լուծումներ մշակելու վերաբերյալ։ Արդյունքում աշակերտները սկսում են գիտակցել, որ իրենք իրենց քայլերով և մտահաղացումներով կարող են կատարել դրական փոփոխություններ՝ փորձելով լուծել տարատեսակ համայնքային մեծ և փոքր խնդիրներ։

Դասընթացների ընթացքում իրականացվող նախագծերը միտված են լինում ստեղծագործ մտքի զարգացմանը։ Աշակերտները կատարում են հետազոտական աշխատանք՝ եզրահանգելով որոշակի եզրակացությունների և կախված տվյալ խնդրի դրվածքից առաջարկում են իրենց սեփական լուծումները։

STEM առարկաների ուսումնասիրումը զարգացնում է նաև քննադատողական մտածելակերպը, քանի որ աշակերտները շարունակաբար սովորում են կատարել դիպուկ հարցադրումներ, արտահայտում են իրենց սեփական կարծիքը տարբեր թեմաների վերաբերյալ և գիտափորձերի օգնությամբ համոզվում են տեսականորեն ստացված գիտելիքի ճշմարտացիության մեջ։

Ձևավորված STEM կրթակարգ ունենալը բարձրացնում է հասարակության ընդհանուր գիտակցության մակարդակը, քանի որ այն երեխաներին զինում է բավարար տեսական և գործնական գիտելիքներով՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար։


Վերջին նորութունները